Շնորհավոր մարտի 8
Սիրելի և հարգելի կանայք ու աղջիկներՎարժարանի տնօրինությունը սիրով շնորհավորում է Ձեզ Միջազգային կանանց տոնի Մարտի 8-ի կապակցությամբ: Ցանկանում ենք Ձեզ քաջ առողջություն, երջանկություն, հաջողություններ ընտանիքում, աշխատանքում և ամենուր: Թող որ Ձեր հնարավորությունները և ցանկությունները համընկնեն: Միշտ ժպիտը թող Ձեր դեմքից անպակաս լինի:
Դեռ Հին Հռումում կանանց օր կար, երբ մեծարում էին մատրոններին` ազատածին և ամուսնացած կանանց: Այդ օրը մատրոնները ամուսիններից նվերներ էին ստանում և շրջապատվում սիրով ու մեծ ուշադրությամբ: Ստրկուհիներին նույնպես նվերներ էր բաժին հասնում, ստանում էին նաև հանգստի իրավունք: Այդ օրը կանայք հագնում էին ամենալավ հագուստները, անուշաբույր ծաղկեպսակներ էին դնում գլխներին և այցելում ընտանեկան օջախը պահպանող Վեստա աստվածուհու տաճար: Ամենաառաջին պատմական իրադարձությունը այս օրվա հետ կապված` 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին, մասնավորապես բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ: Տոնի պատմությունը ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, որը կազմակերպում է կանանցից կազմված հեղափոխական ջոկատ: Կանանց, այսպես ասած, անզուսպ էներգիան ուղղորդում է շահագործողների դեմ պայքարին: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կին պրոլետարիատի ծննդյան օրը: Վարկածներ կան, որ մարտի 8-ի պատմությունը կապվում է գարնան սկզբին նշվող հրեական Պուրիմ տոնի հետ: Մի վարկածով Կլարա Ցետկինն առաջարկում է այս տոնը նշել Պուրիմի հակադրությամբ` հրեա կանանց կրոնական սովորույթներից հետ պահելու համար: Այլ վարկածի համաձայն` այն շղարշ է` հրեական տոնն ամբողջ աշխարհում նշելու համար: Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները հիշեցին 1857 թվականի տեքստիլագործների բողոքի երթը և 1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909 թվականին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր: 1910 թվականին Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինը առաջարկում է կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չի մատնանշում: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Ելենա Գրիբերգը առաջարկում է մարտի 19-ը: Կանանց միջազգային օրը առաջինը նշվեց 1911 թվականին որոշված օրը չորս երկրում (Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա): 1912-ին օրը նշվեց դարձյալ «նեղ շրջապատով», այս անգամ` մարտի 12-ին: 1913-ին կանանց օրը Գերմանիայում նշվեց մարտի 12-ին, Ավստրիայում, Չեխիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում` մարտի 9-ին, Ռուսաստանում և Ֆրանսիայում` մարտի 2-ին: Եվ միայն 1914 թվականին մարտի 8-ին միաժամանակ նշվում է վեց երկրում` Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային: Առաջին աշխարհամարտը Եվրոպային ստիպում է մոռանալ տոները, բայց Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունից անմիջապես հետո կանանց միջազգային տոնը կրկին հիշվում է և ստանում պաշտոնականի կարգավիճակ: Ընդհանրապես, պատմաբանների ու քաղաքագետների համոզմամբ, Ռուսաստանում տոնի նկատմամբ մեծ ուշադրությունը պայմանավորված է աթեիստական նկատառումներով, քանի որ այն ստվերում է ուղղափառ եկեղեցու գարնան սկզբի տոնաշարը: Մարտի ութն առիթ էր, որպեսզի խորհրդային ժողովուրդի ուշադրությունը շեղվեր կրոնական տոներից: 1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975 թվականին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975 թվականը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977 թվականին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն: Սակայն փաստացի մարտի 8-ն այսօր նշում են միայն նախկին խորհրդային հանրապետություններում: ԱՊՀ երկրներից Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում տոնը նշվում է որպես կանանց միջազգային օր, իսկ Բելառուսում և Ուզբեկստանում` միայն Մայրության օր: Անկախությունից հետո Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին` մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ: Եվրոպական երկրներում մարտի 8-ը գրեթե մոռացության է մատնված:
Комментариев нет:
Отправить комментарий